Տեսանելի է, որ կարծիքների փոխհրաձգության մեջ հաճախ օգտագործվող «բոզի տղա» ամենամեղմ հայոյանքը որևէ էական կապ չունի բարոյականության հետ։
Այն այսօր նույնիսկ անհատի բարոյականության ցուցիչ չէ։
Սովորական քաղաքական ժարգոն, որի վարագույրի հետևում իրականացվում են ահավոր անբարոյական ու դատապարտելի հանցագործություններ։
Հասել ենք նրան, որ հայ հասարակության զգալի հատվածներ չարախնդում են Արցախի հանձնման ու արցախահայության աղետալի վիճակի վրա։ Իսկ այսօր արդեն չարախնդում են թշնամու ձեռքով Արցախի իրավական առումով իրենց կուռքից ավելի լեգիտիմ ղեկավարների նկատմամբ հաշվեհարդարի փաստի վրա։
Այդ մարդիկ մոլագարության նոպայի մեջ այնքան են հեռու գնացել, որ այսպիսի նախազգուշացումների դիմաց համարձակվում են ինձ մեղադրել առանց դատ ու դատաստանի հանցագործներ հռչակված անհատներին պաշտպանելու մեջ, այդ հիմքով իրենց հիվանդ ուղեղներում ինձ պես մտածող մարդկանց կեղծ քաղաքական պիտակներ կպցնել։
ՈՒ բարոյականության գահավիժող անկման այսպիսի մթնոլորտում մենք փորձում ենք խոսել արդարության, անմեղության կանխավարկածի, ցեղասպանության դատապարտման, իսկ գործնական առումով Արցախը վերադարձնելու, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու մասին։ Փորձում ենք քննել խայտառակ պարտության մեղավորների ու նրանց պատժելու մասին։
Այն հարցադրմանը, թե ինչո՞վ էին պայմանավորված 1990 -ականների հաղթանակները՝ վստահ կարող եք պատասխանել` առաջին հերթին հայ հասարակությունում բարոյականության բարձր մակարդակով։
Հիշում եմ` Արցախի հարցով Գերագույն խորհրդում շատ սուր քննարկում էր։ Ամբիոն բարձրացավ հերթագրված պատգամավորներից մեկն ու հավանաբար մթնոլորտը լիցքաթափելու ազնիվ մղումով ասաց.
- Կներեք, որ տեսակետս անեկդոտով եմ արտահայտելու։ Կներեք, որ անեկդոտը ռուսերեն եմ պատմելու, այդպես ավելի լավ է հնչում.
Когда чувствуешь что изнасилование неизбежно - надо расслабиться и получить максимальное удовольствие.
(Երբ զգում ես, որ բռնաբարությունն անխուսափելի է, պետք է թուլանալ ու առավելագույն հաճույք ստանալ)։
Չնայած, որ պատգամավորը մեծամասնության վերնախավից էր, բայց նիստը վարողն անմիջապես ընդհատեց ելույթը։ Դահլիճից հնչեցին դատապարտող ու ծաղրական արտահայտություններ։ Դատապարտում էին ընդդիմադիրները ու ծաղրում էին ոչ միայն մեծամասնական համախոհները, այլև մոտիկ ընկերները։
Չեմ կարող պնդել, որ դահլիճում գնվողներից բոլորը բարձր բարոյականության տիպարներ էին։ Բայց բոլորը վստահ գիտեին, որ հասարակական կարծիքում Արցախի վերաբերյալ այսպիսի կարծիքը քաղաքական մեծ սխալ է։
Հիմա ասացեք. Արցախի հետ կատարվածը մի՞թե 33 տարի առաջ ազգային խորհրդարանի բարձր ամբիոնից հնչած ծրագրի անհամեմատ ավելի դաժան իրականացումը չէ։ Այն էլ ողջ հայ հասարակության մի զգալի հատվածի լայն ժպիտների ու ցինիկ ծափահարությունների ներքո։
Նայեք ձեզ այս պատմության հայելու մեջ ու որոշեք ձեր անձնական բարոյականության անկման աստիճանը, վերանայեք ձեր վարքագիծը։
Կարո՞ղ ենք պնդել, որ ազգային բարոյականության գահավիժումը կանգնեցնելն ու դրա մակարդակը հնարավորինս արագ բարձրացնելը թիվ մեկ խնդիրն է, առանց որի մյուս բոլոր քայլերը դատապարտված կլինեն ձախողման։
Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան, հոկտեմբերի 4, 2023 թ.